Arm | Rus | Eng |


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կյանքն ու գործունեությունը
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում:
    Նրա խիստ ինքնատիպ, գունագեղ, մե’րթ խանդավառ ու կրքոտ, մե’րթ հանդարտ ու մեղմ, քնարական հուզականությամբ ու բուռն զգացումների հզոր պոռթկումներով հագեցած երաժշտությունը բացառիկ բնատուր տաղանդի արտահայտություն է:
    Ժանրերի բազմազանությունը, ռիթմի ու ոճի արտասովորությունը, ներդաշնակված ինտոնացիոն առանձնահատկություններով, վկայությունն են կոմպոզիտորի վառ անհատականության: Կոմպոզիտոր, ով իր ստեղծագործության ժողովրդական ակունքներով տարված էր դեռևս մանուկ հասակից, սակայն երաժշտությամբ լրջորեն զբաղվելու հնարավորություն ունեցել է բավականին ուշ` 19 տարեկանում: Նա ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: Նրա ծնողները` Ղումաշ և Եղիա Խաչատրյանները ծնունդով նախկին Նախիջևանի նահանգի /պատմական Գողթն գավառի/ Վերին և Ներքին Ազա գյուղերից էին:
    Կազմարար Եղիայի ընտանիքը ապրում էր Թիֆլիսի Կոջորի արվարձանում: Գեղարվեստական ավանդույթներով հարուստ այդ հինավուրց քաղաքում ստացած երաժշտական տպավորությունները լրացվում էին տանը` քաղցրահնչուն մեղեդիներով: Արամի եղբայրները նույնպես շնորհալի էին: Սուրենը Մոսկվայում թատերական մեծ գործիչ դարձավ, Լևոնը լավ բարիտոն էր և հայտնի երգիչ դարձավ, Վաղինակը հաճախ էր հանդես գալիս սիրողական ներկայացումներում: Նրանց զավակները նույնպես իրենց նվիրաբերեցին արվեստին: Սուրենի որդի Կարեն Խաչատրյանը այժմ անվանի կոմպոզիտոր է Մոսկվայում, Վաղինակի դուստր Լեյլա Խաչատրյանը դերասանուհի է Երևանի Ռուսական թատրոնում, Լևոնի որդի Էմին Խաչատրյանը նշանավոր դիրիժոր էր:Ապագա կոմպոզիտորը նախ ուսանում է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, որտեղ նրան ամենից շատ գրավում էին հայ անվանի գրող Ղազարոս Աղայանի որդի Մուշեղ Աղայանի վարած երգի դասերը: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: Անհաղթահարելի էր պատանի Արամի սերը երաժշտության նկատմամբ: Անընդհատ երգում էր, հանրահայտ մեղեդիների իմպրովիզացիացիաներ անում` միշտ զգալով երաժշտական կրթության պակասը:1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արվեստին հաղորդակցվելու մեծ հնարավորությունները, ինչպես նաև շրջապատողների պնդումները` լրջորեն երաժշտությամբ զբաղվելու, տարան նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվեց ստեղծագործական դասարան:
    Այստեղ նա գրեց մի շարք գործիքային պիեսներ` ,,Պարը’’ ջութակի և դաշնամուրի համար, ,,Պոեմը’’ դաշնամուրի համար, ,,Երգ-պոեմը’’ ջութակի և դաշնամուրի համար և այլ գործեր, որոնցում արդեն իսկ ակնհայտ էր նրա ստեղծագործական անհատականությունը:
    Միաժամանակ երիտասարդ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանոթանում է շատ հայ արվեստագետների հետ, խորանում են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արվեստի մասին, նաև գրում է երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /,,Պաղտասար աղբար’’, ,,Ատամնաբույժն արևելյան’’, Խաթաբալա’’ և այլն/:
    1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը:
    Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր ,,Ջութակի և դաշնամուրի սոնատը’’, ,,Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն’’, ,,Պարային սյուիտը’’, ,,Տոկատը’’ և այլ գործեր: Ուսման տարիներին գրված ստեղծագործությունները անմիջապես հրատարակվում են, կատարվում` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտության աշխարհ: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրեց իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին:
    Առաջին անգամ Սիմֆոնիան կատարվեց գերմանացի անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ:Առաջին սիմֆոնիան մասնագետների գնահատմամբ Խորհրդային սիմֆոնիզմի նշանակալի երևույթներից էր:
    Մեկ այլ նշանակալից իրադարձություն Արամ Խաչատրյանի կյանքում տեղի ունեցավ մինչ կոնսերվատորիան ավարտելը: Մյասկովսկու դասարանում նա հանդիպեց շնորհալի կոմպոզիտոր, դաշնակահարուհի Նինա Մակարովային: Շուտով նրանք ամուսնացան: 1940 թվականին ծնվեց որդին` Կարենը, ով այժմ արվեստաբան է Մոսկվայում: Արամի առաջին ամուսնությունից ծնվել էր նրա դուստրը` Նունեն, ով դաշնակահարուհի է և դասավանդում է Գնեսինների անվ. ինստիտուտում:
    Ա. Խաչատրյանը շարունակում է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ և ավարտում է այն իր մի նոր խոշոր կտավի գործով` Դաշնամուրի կոնցերտով: Կոմպոզիտորը այն նվիրեց առաջին կատարողին` Լև Օբորինին: Կոնցերտը շատ արագ իր հաստատուն տեղը գտավ խորհրդային և արտասահմանյան լավագույն դաշնակահարների երկացանկում: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրեց իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացավ իր առաջին Պետական մրցանակը:
    1941 թվականին ստեղծվեց Լերմոնտովի ,,Դիմակահանդես’’ դրամայի երաժշտությունը:
    Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-1945/ դժվարագույն պայմաններում Ա. Խաչատրյանը կազմակերպչական հսկայական աշխատանք էր կատարում ԽՍՀՄ կոմպոզիտորների միության կազմկոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, համերգներով հանդես գալիս մարտիկների առաջ, հոսպիտալներում, գործարաններում, կոլտնտեսություններում:Այս շրջանում ծնվեցին նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, ,,Գայանե’’ բալետը /1939 թվականին գրված ,,Երջանկություն’’ բալետի նորացված տարբերակը/, որը հենց պատերազմի թեժ օրերին բեմադրվեց Պերմ քաղաք էվակուացված Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնվեց Երկրորդ սիմֆոնիան իր պաթետիկ ոգով: ,,Գայանե’’ բալետի և Երկրորդ սիմֆոնիայի համար նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ:
    1944 թ-ին նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:
    Հետպատերազմյան տարիները նույնպես նշանավորվեցին Ա. Խաչատրյանի ստեղծագործական խոշոր նվաճումներով: Սակայն 1948 թվականի փետրվարին Ա. Խաչատրյանի համար խիստ անցանկալի ու տհաճ օրեր սկսվեցին: Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ Ա. Խաչատրյանը, Դմ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆևի, Ն. Մյասկովսկու և այլ առաջատար կոմպոզիտորների շարքում, մեղադրվեց ,,հակաժողովրդական, ֆորմալիստական’’ ուղղությանը պատկանելու մեջ: Այդ ժամանակ Ա. Խաչատրյանը մխիթարություն գտավ հայրենի երկրում` Հայաստանում, այցելելով նրա քաղաքները, գյուղերը հեռավոր շրջանները` ավելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական ավանդույթները:
    Շուտով Կենտկոմը հայտարարեց, որ 1948 թ-ի որոշումը եղել է հապճեպ և անարդար:
    Կարճատև հիասթափությունից հետո Ա. Խաչատրյանի ստեղծագործական կյանքում նորից սկսվեցին վերելքի տարիներ:
    1956 թվականին Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացավ ,,Սպարտակ’’ բալետի պրեմիերան: Դա իսկական հաղթանակ էր և կոմպոզիտորի ինքնատիպ տաղանդի ևս մեկ արտահայտություն:
    1959 թ-ին ,,Սպարտակ’’ բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվեց Լենինյան մրցանակ:,,Գայանե’’ և ,,Սպարտակ’’ բալետները մինչ այսօր շարունակում են իրենց հաղթարշավը աշխարհի բեմերում:
    Գնալով ընդլայնվում են կոմպոզիտորի հասարակական գործունեության ոլորտները: Երկար տարիներ նա հսկայական աշխատանք է կատարում որպես ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ և քարտուղար, ընտրվում է Գերագույն խորհրդի դեպուտատ: Նա Խաղաղության պաշտպանության Համերաշխային և Խորհրդային կոմիտեների անդամ էր, ԽՍՀՄ և Լատինական Ամերիկայի երկրների միջև մշակութային կապերի ասոցիացիայի նախագահն էր…
    Երկար տարիներ Ա. Խաչատրյանը դասավանդում էր Գնեսինների անվ. ինստիտում և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: Խաչատրյանի աշակերտներից շատերը դարձան շնորհալի կոմպոզիտորներ` Էդ. Հովհաննիսյան, Էդ. Խաղագործյան, Ստ. Շաքարյան, Մ. Տարիվերդիև, Կ. Վոլկով, Մ. Մինկով, Ա. Էշպայ, Ռ. Բոյկո, Ա. Վիերու /Ռումինիա/, Ն. Թերահարա /Ճապոնիա/, Մարտին Խորխե Լոպես /Կուբա/, Ն. Գաբունիա /Վրաստան/ և շատ ուրիշներ:Խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրյանին շնորհվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի և միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, Լենինյան և 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:
    Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործությունները մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային և վոկալ ստեղծագործությունները, դրամատիկական ներկայացումների և 17 կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը /այդ թվում` հայկական ,,Պեպո’’ և ,,Զանգեզուր’’ ֆիլմերը/ գրավում են մեծ լսարաններ գրեթե բոլոր մայրցամաքներում: Որպես կոմպոզիտոր և նվագավար Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:
    Նրա ստեղծագործության համաշխարհային ճանաչման մասին են վկայում վերը նշված երկրներում նրան շնորհված դիպլոմները, շքանշանները և մեդալները:
    Ա. Խաչատրյանն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Իտալիայի ,,Սանտա Չեչիլիա’’ երաժշտական ակադեմիայի, Մեքսիկայի կոնսերվատորիայի, Գերմանիայի և Հունաստանի արվեստի ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր:
    Նրա ստեղծագործությունները կատարել և կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, ձայնագրվում են աշխարհի առաջատար ստուդիաներում, հրատարակվում են առաջատար հրատարակչություններում: Արամ Խաչատրյանի գործունեությունը հսկայական նշանակություն ունեցավ ժամանակակից երաժշտարվեստի և հատկապես հայ նոր կոմպոզիտորական դպրոցի զարգացման գործում: Արամ Խաչատրյանն իր մահկանացուն կնքեց 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա հանգչում է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:
    Հայաստանի մեծ զավակի հիշատակը հավերժացնելու համար 1984 թ-ին Երևանում բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am