Arm | Rus | Eng |

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հայ ժողովրդի մեծ զավակ, անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ-ին:
Այն կոչված է մեծ արվեստագետի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու:
Տուն-թանգարանը ստեղծվեց մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով /այժմ` Զարոբյան/ փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա,որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը:Միահարկ առանձնատունը /ճարտարապետ Մարկ Գրիգորյան/ բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի: Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թ-ի հուլիսի 21-ին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք:Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին,որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները:
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո` թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտեց ճարտարապետ էդվարդ Ալթունյանը:
Արամ Խաչատրյանը սիրում էր իր այս երևանյան բնակարանը: Այստեղ հիմնականում ապրում էին մայրը, եղբայր Վաղինակը իր ընտանիքով: Ինքն էլ Հայրենիք այցելելիս այստեղ էր կանգ առնում, ընդունում հյուրերին, աշխատում` ի մի բերելով Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները:
Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում:
Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը:
1984 թ-ի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Այդ օրերին մեր երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը մեծ շուքով նշում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի 80-ամյակը:
Կարճ ժամանակում այն դարձավ սիրված վայր մեծ երաժշտի ոչ միայն հայ, այլև օտարերկրացի երկրպագուների համար:
Տուն-թանգարանի խնդիրներն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը:
Թանգարանում իրականցվող գիտաֆոնդային աշխատանքներն ուղղված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության խորը ուսումնասիրմանը:
Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ:Հավաքածուի նյութերի հիման վրա արդեն լույս են տեսել Ա. Խաչատրյանի նամականին 3 հատորով` հայերեն և ռուսերեն, թանգարանի բուկլետը, պարբերաբար հրատարակվում են թանգարանի նոր ցուցադրության գովազդային բուկլետները:
Թանգարանի գիտաշխատողները Ա.Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտաժողովներում հանդես են գալիս հոդվածներով, որոնք նաև տպագրվում են լրագրերում ու պարբերականներում:
Տուն-թանգարանի առաջին տնօրեն,հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ թանգարանում ընդունված ավանդույթները շարունակվում և նոր լույսի տակ են զարգացվում թանգարանի ներկա տնօրեն` դաշնակահարուհի,միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի ղեկավարությամբ:
Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավադական դարձած միջոցառումներ` փառատոներ,հուշ-երեկոներ,մրցույթներ,հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ:
Տուն-թանգարանի գործունեության յուրաքանչյուր նոր ձեռնարկում քննարկում է թանգարանի գիտական խորհրդը, որի կազմում են անվանի երաժիշտներ, երաժշտագետներ:
2006 թ-ին կառավարությունը ձեռնարկեց տուն-թանգարանի շենքի հիմնավերանորոգումը, իսկ 2008 թ-ին հունիսի 6-ին բացվեց տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am