Arm | Rus | Eng |



Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը բացվել է 2008 թվականի հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակի օրը: Այդ օրը նշվում էր նաև տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյակը:
Նոր վերանորոգված ընդարձակ ու լուսավոր ցուցասրահներում այցելուների առջև բացվում է խաչատրյանական մի նոր աշխարհ, ուր հառնում է հայ ժողովրդի ամենասիրված և ամենաճանաչված զավակներից մեկի պայծառ կերպարը` իր բեղուն ու իմաստալից կյանքի հետաքրքիր ու հուզումնալից էջերով:
Տուն-թանգարանի հավաքածուից ցուցադրության համար ընտրված նյութերը` լուսանկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, տարբեր հրատարակություններ, հեղինակային համերգների և բալետային ներկայացումների հայտագրեր, ծրագրեր, բուկլետներ, բեմական իրեր, հոբելյանական ուղերձներ, դիպլոմներ, շքանշաններ, մրցանակների և կոչումների վկայագրեր, գրքեր, հոդվածներ, հիշատակի նվիրումներ սրահներում ցուցադրվում են համակարգված` ըստ կոմպոզիտորի կյանքի ժամանակագրության և ստեղծագործության էվոլյուցիայի: Դրանք նախ պատմում են նրա մանկության, պատանեկության մասին, Թիֆլիսյան այն միջավայրի մասին, որտեղ ձևավորվել են ապագա կոմպոզիտորի երաժշտական աշխարհայացքը, սերը երաժշտության նկատմամբ, ձգտումները, ապա ներկայացվում են ուսումնառությունը Մոսկվայում, մուտքը երաժշտության մեծ աշխարհ, առաջին ստեղծագործական քայլերը, այնուհետև` ստեղծագործական վերելքի տարիներին ստեղծված սիմֆոնիկ և գործիքային ստեղծագործությունները, դրանց առաջին կատարումները, հայ և օտարերկրյա հանճարեղ կատարողների մի ամբողջ համաստեղություն:
,,Հայաստան’’ բաժնում ներկայացված նյութերը` հայրենիքում ստացած կոչումների վկայագրերը, մրցանակները, շքանշանները, հրատարակված գրքերը, անվանի կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանի, Էդվ. Միրզոյանի, Գ. Չթչյանի, Մ. Մավիսակալյանի նվիրումները Ա. Խաչատրյանին` հրատարակված և ձեռագիր տարբերակներով, լուսանկարները և շատ այլ հետաքրքիր ցուցանմուշներ, պերճախոս վկայությունն են կոմպոզիտորի սերտ կապի` հայրենիքի, հայրենակիցների հետ, ակտիվ մասնակցության իր հայրենի երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին, մեծ սիրո հայրենի հողի, բնաշխարհի նկատմամբ, դերի հայկական երաժշտարվեստի զարգացման, նոր կոմպոզիտորական դպրոց ստեղծելու գործում:
Ցուցադրությունում առաձնահատուկ տեղ է տրված սփյուռքին: Ցուցանմուշները վկայում են կոմպոզիտորի ափյուռքահայության և նրանց զանազան կազմակերպությունների հետ ունեցած սերտ կապի, օտար երկրներում բնակվող ազգակիցների համար նրա երաժշտության շատ թանկ և հարազատ լինելու մասին:
Բազմակողմանի են ներկացված Ա. Խաչատրյանի ստեղծագործության գլուխգործոցները`,,Գայանե’’ և ,,Սպարտակ’’ բալետները, նրանց հաղթարշավը աշխարհի տարբեր երկրներում, բեմական հարուստ պատմությունը:
,,Գայանե’’-ի սրահում, այլ ցուցանմուշների կողքին ցուցադրվում են Մինաս Ավետիսյանի աշխատանքային էսքիզները` ստեղծված բալետի բեմադրության ձևավորման համար: Իսկ ,,Սպարտակ’’–ի սրահում ցուցանմուշների բովանդակությունը լրացվում է դեկորատիվ միջոցներով` կռածո մոմակալներ, կանթեղներ, որոնք սրահում ստեղծում են ժամանակաշրջանին համապատասխան մթնոլորտ:
Ա. Խաչատրյանին որպես նվագավար ներկայացնող սրահում ցուցադրվում են նրա ֆրակը, դիրիժորական փայտիկը, ակնոցները, ժամացույցը:
Մանկավարժական գործունեությունը լուսաբանող սրահում ուշագրավ են Ա. Խաչատրյանի հիշատակին նվիրված նրա աշակերտների, այժմ արդեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների ձեռագրերը:
Կոմպոզիտորը ներկայացվում է նաև իր ժամանակակիցների, քաղաքական- հասարակական գործիչների շրջապատում, իր ապրած ժամանակաշրջանի կարևոր քաղաքական և մշակութային իրադարձությունների կենտրոնում:
Այցելուների ուշադրությունը գրավում են նաև իրենց տեսակի մեջ եզակի, հնաոճ երկու դաշնամուր, որոնց վրա 1957 թ-ին Հարավային Ամերիկայում հյուրախաղերի ժամանակ նվագել է Արամ Խաչատրյանը և որոնք որպես նվեր թանգարանը ստացել է Բրազիլիայից և Արգենտինայից: Դրանցից մեկի վրա կոմպոզիտորը թողել է իր մակագրությունը, իսկ մյուսի կափարիչի վրա` ֆրանսիացի իմպրեսիոնիստ Ա. Բոնիսի գեղանկարն է:
Եվս երկու դաշնամուր, որ պատկանել են անվանի ջութակահար Անահիտ Ցիցիկյանին և Երևանի բնակիչ Երջանիկ Կարախանյանին, և որոնց վրա բազմիցս նվագել է Արամ Խաչատրյանը, նվիրվել են թանգարանին և ցուցադրությունում գրավել իրենց տեղը:
Ժամանակակից ձայնատեսային սարքավորումներով ցուացդրվում են վավերագրական դրվագներ Ա. Խաչատրյանի կյանքից:
Տասը ցուացսրահների ցուցադրությության տրամաբանական շարունակու-թյունն է հուշատան ցուցադրությունը:
Կարծես առօրյա անցուդարձից հոգնած` կոմպոզիտորը վերադառնում է տուն:
Հինգ սենյակնոց բնակարանում Ա. Խաչատրյանի ու նրա կնոջ` կոմպոզիտոր Նինա Մակարովայի ննջասենյակի կահույքն է, անձնական ու կենցաղային իրեր, հուշանվերներ, նվերներ…
Այստեղ տիրում է Խաչատրյանների ընտանեկան մթնոլորտը: Ամենուր զգացվում է տանտիրոջ ներկայությունը:
Աշխատասենյակում խորհրդավոր շուքով դրված է նրա դաշնամուրը, որը լուռ վկան է կոմպոզիտորի ստեղծագործական դեգերումների, տվայտանքների, որոնումների, նաև` նվաճումների պատճառած հաճելի պահերի:
Այս տպավորությունների հուզականությունը լրացվում է թանգարանում ամենուր հնչող երաժշտությամբ, որը դեռ շատ ու շատ սերունդների պիտի հուզի իր զգացմունքային մեծ ուժով:
Իսկ թանգարանի ցուցադրությունը պիտի անընդհատ համալրվի: Թանգարան մտած յուրաքանչյուր նոր առարկա, որը կարող է նոր խոսք ասել ցուցադրության համակարգում, իր պատշաճ տեղը կգտնի: Կնշանակի` այցելուն կարող է գալ թանգարան միշտ նորը տեսնելու ակնկալիքով:



Copyright ©
www.akhachaturianmuseum.am