Arm | Rus | Eng |




Հիմնադրման առաջին իսկ օրվանից թանգարանը ձեռնամուխ է եղել աշխարհի տարբեր ծայրերից Ա. Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արժեքավոր նյութեր հավաքելուն: Աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանի ստեղծման լուրը մեծ արձագանք գտավ նրա արվեստի երկրպագուների շրջանում:Արդյունքում` թանգարանի հավաքածուում այսօր ընգրկված են մոտ 18000 թանգարանային առարկա,որոնցից մոտ 13000-ը` հիմնական հավաքածուում:
Կոմպոզիտորի որդին` Կարեն Խաչատրյանը նվիրել է թանգարանին ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը` Արամ Խաչատրյանի դաշնամուրը, նաև ննջասենյակի կահույքը, կենցաղային և անձնական իրեր, հագուստ, անձնական արխիվի մի մասը: Նա նվիրել է թանգարանին նաև Ա. Խաչատրյանի կնոջ` կոմպոզիտոր Նինա Մակարովայի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք նույնպես ցուցադրվում են:
Նյութերը հիմնականում նվիրատվության կարգով ստացվել և ստացվում են նաև կոմպոզիտորի բարեկամներից, գործընկերներից, աշակերտներից, նրա արվեստի հայ և արտասահմանցի երկրպագուներից, սփյուռքից:
Դրանք լուսանկարներ են, ծաղրանկարներ, ստեղծագործությունների տարբեր տարիների և տարբեր երկրների հրատարակություններ, արժեքավոր փաստաթղթեր, Ա. Խաչատրյանի մասին տարբեր լեզուներով գրված գրքեր, հոդվածներ, Հայաստանում և արտասահմանում կոմպոզիտորի հեղինակային համերգների, նրա ստեղծագործությունների անվանի երաժիշտների կատարումների, բալետների ներկայացումների ազդագրեր, բուկլետներ, ծրագրեր, ձայնագրություններ, տեսագրություններ, քանդակներ, ֆիլմեր:
Հավաքածուում տեղ են գտել նաև Ա. Խաչատրյանի պարգևները, դիպլոմները, շքանշանները, մեդալները` ստացված հայրենիքում և արտասահմանում:
Առավել արժեքավոր նմուշներ են Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը, Ջութակի կոնցերտի կլավիրի էսքիզների ձեռագիրը` անվանի ջութակահար Դավիթ Օյստրախի նշումներով, ՙՎալս Կապրիսի՚, Լերմոնտովի ՙԴիմակահանդես՚ դրամայի երաժշտությունից ՙՎալսի՚, ՙՄազուրկայի՚, ՙԳալոպի՚, ՙԽորալի՚ ձեռագրերը, վոկալ ստեղծագործությունների ձեռագրեր, Ավետիք Իսահակյանի խոսքերով ՙՀայրենիքիս՚ ռոմանսի ձեռագիրը, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի` Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված ՙԷլեգիայի՚ ձեռագիրը, ստեղծագործությունների առաջին հրատարակությունները /1926-1929թ./ կոմպոզիտորի ընծայագրերով, նաև` լուսանկարներ, գրքեր, բուկլետներ` ընծայագրերով և մակագրություններով, բալետների բեմադրությունների ձևավորման էսքիզներ:
Հավաքածուի առավել արժեքավոր նմուշներ են կոմպոզիտորի ձեռագիր նամակները:
Անվանի երաժշտագետ Գ. Շնեերսոնը ժապավենի վրա ձայնագրել է Արամ Խաչատրյանի զրույցները իր կյանքի մասին /մանկությունից մինչև 1974թ./: 20 ժամ տևողությամբ այդ արժեքավոր ժապավենները` կոմպոզիտորի կենդանի ձայնով, նույնպես ընդգրկված են թանգարանի հավաքածուում:
Հավաքածուի նյութերով ռեժիսորներ Լաերտ Վաղարշյանը, Մարկ Պետրոսյանը, Մարտին Ավետիսյանը, Հրանուշ Գալստյանը, Փիթեր Ռոզենը (Նյու Յորք) նկարահանել են ֆիլմեր Ա. Խաչատրյանի կյանքի ու գործունեության մասին:
Հավաքված թանգարանային առարկաներով և կուտակված գիտական ուսումնասիրություններով թանգարանը աջակցում է գրքերի և մենագրությունների հրատարակմանը, անհրաժեշտ նութեր է տրամադրում հայ և օտարերկրյա արվեստագետներին իրենց ուսումնասիրությունների և գիտական աշխատությունների համար:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am