Arm | Rus | Eng |



Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում միշտ աշխուժություն է տիրում: Այստեղ հաճախակի կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները ընթանում են ջերմ մթնոլորտում:
Արդեն ավանդական դարձած միջոցառումներն են.
Ամեն տարի հունսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, նրա շիրիմին այցելությունից հետո թանգարանում տեղի է ունենում պատանի կոմպոզիտորների մրցույթ-ստուգատեսը.
Փառատոներ, անվանի կոմպոզիտորներին, երաժիշտ-կատարողներին, մշակույթի գործիչներին նվիրված երեկոներ, հուշ-երեկոներ, հոբելյաններ, ժամանակավոր ցուցահանդեսներ.
,,Երաժշտությունը` բոլորին’’ խորագրով համերգ-դասախոսություններ մեծահասակների համար.
,,Համաշխարհային դասական երաժշտության գոհարները Արամ Խաչատրյանի տանը’’ խորագրով, թանգարանի ձայնադարանի նյութերով, համերգ-ֆիլմերի, օպերաների, անվանի երաժիշտների մասին ֆիլմերի ամենամսյա ցուցադրում մեծ էկրանին` երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովայի մեկնաբանություններով.
,,Երաժշտական սրահ-անակնկալ’’. Հանրապետության երիտասարդ երաժիշտները, նախօրոք հայտարարված ծրագրով, նվագում են Արամ Խաչատրյանի անվան տրիոյի անդամների հետ.
Թանգարանը մշակել է նոր կրթամշակութային ծրագիր դպրոցականների համար, նրանց գեղագիտական դաստիարակությանը նպաստելու նպատակով.
,,Հնչյուններ և գույներ’’. Տարբեր տարիքի երեխաներ թանգարանի ցուցասրահներում նկարում են Ա. Խաչատրյանի երաժշտության հնչյունների ներքո: Նրանց աշխատանքները ցուցադրվում են թանգարանում:
,,Դպրոցին հյուր’’. Թանգարանի աշխատակիցների դպրոցներում վարած դասախոսությունից հետո, աշակերտները այցելում են թանգարան, ծանոթանում ցուցադրությանը և մասնակցում համերգ-զրույցների:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am